Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում (ՀԿԹՀ) հոկտեմբերի 19-ին կկայանան «նախագահական ընտրություններ», որոնք միաժամանակ և՛ ներքաղաքական, և՛ տարածաշրջանային նշանակություն ունեն։ Այս գործընթացը վաղուց դուրս է եկել տեղական քաղաքականության սահմաններից։ Այն դարձել է Թուրքիայի ազդեցության, Կիպրոսի ապագայի և Միջերկրականում ուժերի նոր հավասարակշռության փորձաքար։
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 218․313 «քաղաքացի»։ Կա 8 թեկնածու, որոնցից 6-ը՝ անկախ: Նրանք են՝ գործող նախագահ Էրսին Թաթարը (անկախ թեկնածու), Թուֆան Էրհյուրմանը (գլխավոր ընդդիմադիր Հանրապետական թուրքական կուսակցության (CTP) ղեկավարը) և 6 անկախ մրցակից՝ Հյուսեյին Գյուրլեքը, Մեհմեթ Հասգյուլերը, Արիթ Սալիհ Քըրդաղը, Ահմեթ Բորանը, Իբրահիմ Յազըջն և Օսման Զորբան (վերջինս ներկայացնում է ինքնահռչակ ՀԿԹՀ-ի Սոցիալիստական կուսակցությունը)։
Համենայնդեպս լուրջ ընտրապայքարը ծավալվում է Թաթարի և Էրհյուրմանի միջև:
Թեև այս ընտրություն կոչվածը որոշելու է ոչ միայն կղզու հյուսիսային հատվածի քաղաքական ուղղությունը, այլև Թուրքիայի հետ նրա հարաբերությունների բնույթը, թուրքական մամուլը գրեթե չի լուսաբանում դրանք։ Թուրքական լրատվամիջոցները սահմանափակվել են միայն կարճ հաղորդագրություններով ու գործող նախագահ Էրսին Թաթարի հետ մեկ-երկու հարցազրույցներով։ Չնայած նախընտրական քարոզարշավի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցներում լուսաբանման սակավությանը, գործող նախագահին սատարելու թուրքական իշխանությունների և ազգայնական շրջանակների քայլերը գործուն են և ունեն հստակ ուղերձներ կիպրացի թուրքերին:
Պետք է ընդգծել, որ թուրքական մամուլի անտարբերությունը այս «ընտրությունների» նկատմամբ պատահական չէ։ Բացի Թաթարի հարցազրույցներից՝ գրեթե ոչ մի լրատվամիջոց լրջորեն չի անդրադարձել մյուս թեկնածուների ծրագրերին։ Սա արդյունք է այն քաղաքական ընկալման, ըստ որի, ինքնահռչակ ՀԿԹՀ-ն դիտվում է ոչ թե որպես ինքնուրույն քաղաքական միավոր, այլ Թուրքիայի արտաքին քաղաքականության բաղադրիչ։ Այս լռությունը, սակայն, չի նշանակում անտարբերություն․ ընդհակառակը՝ այն ցույց է տալիս գործընթացի վերահսկվող բնույթը, որտեղ տեղեկատվական հոսքը ևս դառնում է քաղաքական գործիք։
Թաթարը, թուրքական «Hürriyet» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով Կիպրոսի հարցի հնարավոր լուծման ձևաչափերին, ընդգծել է. «Կիպրոսի հույների հետ ֆեդերացիան (դաշնության ստեղծումը) կնշանակի Թուրքիայի երաշխավորության ավարտ և թուրքական բանակի դուրսբերում կղզուց։ Մենք երբեք դա թույլ չենք տա. մեր միակ երաշխավորը Թուրքիան է»։
Այս հայտարարությունը շարունակում է Թաթարի և նրա քաղաքական հովանավորների դիրքորոշումը՝ հօգուտ «երկու պետության լուծման» մոդելի, որը վերջին տարիներին Թուրքիայի պաշտոնական քաղաքական գիծն է դարձել:
Նշենք, որ Թուրքիան, այսպես կոչված, ՀԿԹՀ ընտրություններին առաջին անգամ բացահայտ կերպով ներգրավվել է 2020թ.՝ աջակցելով Թաթարին։ Այն ժամանակ ընտրություններից օրեր առաջ Թուրքիայում պետական կառույցներն ու լրատվամիջոցները միահամուռ աշխատում էին մեկ նպատակով՝ կանխել Մուստաֆա Աքընջըի վերարտադրությունը (2015-2020թթ. ինքնահռչակ ՀԿԹՀ-ի նախագահ)։
Այս ընտրություններին ևս պատկերը գրեթե նույնն է։ Թաթարի քարոզարշավին աջակցում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP), ազգայնական «Մեծ միասնություն» (ՄՄԿ-BBP) կուսակցությունների գործիչները։ Անկարայից ժամանած մասնագետներն ուղղորդում են քարոզչական շտաբները, իսկ մի շարք հանրային դեմքեր՝ երգիչներ, ֆուտբոլիստներ և քաղաքական գործիչներ, այցելում են կղզի՝ բացահայտ աջակցելու Թաթարին։ Նրանց թվում են նախկին պաշտպանության նախարար, Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Հուլուսի Աքարը և ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը։ Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ՝ այս գործընթացը վերածվել է ԱԶԿ-ի և նրա դաշնակիցների հեղինակության թեստի։ Եթե Էրսին Թաթարը պարտվի այսչափ լայն աջակցությունից հետո, ապա դա կարող է ընկալվել որպես լուրջ քաղաքական խորհրդանշական հարված Անկարայի համար։
Այս աջակցության ֆոնին հարց է առաջանում. Ինչու՞ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում՝ «ով էլ հաղթի, մեզ համար տարբերություն չկա», եթե այս պարագայում տեսնում ենք ընդգծված միջամտություն և քարոզչական ճնշում իր և իր համախոհների կողմից:
Թուրք որոշ վերլուծաբանների համոզմամբ, Կիպրոսի ընտրությունները դարձել են նաև Թուրքիայի ներսում հասարակական տրամադրությունների փորձաքար:
Հատկանշական է, որ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչական թուրքական հանրապետության մեջլիսը ձայների մեծամասնությամբ ընդունեց Կիպրոսի հարցը «երկու պետության սկզբունքով լուծելու» մասին որոշման առաջարկը։ Ինչն իր հերթին ամրագրում է հետևյալը․ ընդդիմադիր թեկնածուի հնարավոր ընտրության դեպքում անգամ անհնար է դառնում Կիպրոսի հույների հետ միացյալ դաշնություն կազմելը։
Ընդդիմադիր թեկնածու Թուֆան Էրհյուրմանը՝ իրավաբան և դաշնային մոդելի ամենահետևողական պաշտպաններից, հանդես է գալիս ՄԱԿ-ի հովանու ներքո վարվող երկխոսության վերականգնման օգտին (բանակցությունները դադարել են 2017թ․)։ Նա պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի մեկուսացումը միայն խորանում է «երկու պետություն» մոդելին միտված քաղաքականության պայմաններում և որ Կիպրոսի թուրք համայնքի իրավունքները կարելի է պաշտպանել միայն համատեղ բանակցություններով։
ՀԿԹՀ-ի նախագահի պաշտոնը խորհրդանշական չէ։ Այն համարվում է կղզու հյուսիսային հատվածի բարձրագույն իշխանական դիրքը և, միևնույն ժամանակ, Կիպրոսի հարցի բանակցություններում թուրքական համայնքի պաշտոնական ձայնը։
Այս ընտրությունների արդյունքը որոշելու է՝ արդյոք Կիպրոսի հյուսիսը շարունակելու է հավատարիմ մնալ Անկարայի առաջ քաշած «երկու պետության» ուղեգծին, թե՞ կփորձի վերադառնալ միջազգային հանրության կողմից աջակցվող երկխոսության ճանապարհին։
Հաշվի առնելով 2020թ․ նախադեպը, երբ «ընտրական քարոզարշավի» վերջին օրերին թվում էր, թե ընդդիմադիր թեկնածու Մուստաֆա Աքընջըն կհաղթի, սակայն ընտրությունների վերջին երեք օրվա ընթացքում Թուրքիայի ակտիվ միջամտությունը փոխեց վերջնաարդյունքը, այս անգամ ևս նման սցենարը չի բացառվում։
Հետևաբար, ինչպես ընդունված է կղզում ասել՝ «Կիպրոսում ընտրության արդյունքը որոշվում է վերջին երեք օրերին»։
Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանված է մնում 1974 թվականից ի վեր՝ Թուրքիայի կողմից կղզու հյուսիսը բռնազավթելուց հետո։ Դրան է հաջորդել հեղաշրջման անհաջող փորձը, որի նպատակն էր միավորել կղզին Հունաստանի հետ: Հյուսիսային Կիպրոսում տեղակայված Թուրքիային զինծառայողների թիվը ներկայումս կազմում է շուրջ 40․000, իսկ կղզու հարավային և հյուսիսային սահմանները հսկում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը:
Հեղինակ՝ Էլեն Քոքչյան
Աղբյուր՝ Ermeni Haber