Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին այցելել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքություն:
Պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր ավագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը և վերականգնումը:
Տնօրենը պատրաստակամություն է հայտնել նախաձեռնելու պատրիարքության ներկայացուցչի վերապատրաստումը Մատենադարանում, մասնավորապես, հոկտեմբերի 14-25-ը կայանալիք «Հիշողության կերպարանքները» գիտագործնական սեմինարի շրջանակում:
Նշվում է նաև, որ առաջիկայում տեղի կունենա Մատենադարանի ավագ ֆոնդապահի և ասպիրանտի այցը պատրիարքություն` ձեռագրերի հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Աղբյուր՝ Armenpress








