Ermenihaber.am լրատվական գործակալությունը Սիրիայում քրդերի և կառավարական ուժերի միջև շարունակվող բախումների թեմայով հարցազրույց է արել քուրդ-հայկական ծագմամբ անկախ լրագրող և լուսանկարիչ, մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է արվել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին, կողմերի միջև առկա տարաձայնությունների պատճառներին, ինչպես նաև այս գործընթացի վրա ռեգիոնալ դերակատարների ազդեցությանը։
– Սիրիայում քրդերի և կառավարական ուժերի միջև բախումները շարունակվում են հունվարի 6-ից։ Չնայած հաստատված հրադադարներին, ինչու՞ դրանք չեն դադարում։ Ո՞րն է այս բախումների հիմնական նպատակը։
– «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և Ահմեդ ալ-Շարայի ղեկավարած Սիրիայի կառավարության միջև 2025 թվականի մարտի 10-ին և 2026 թվականի հունվարի 18-ին ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, իսկ 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հունվարի 20-ը հայտարարվել են հրադադարներ։ Սակայն Դամասկոսի կառավարության և քրդերի միջև կնքված այդ համաձայնագրերում քրդերին պարտադրված դրույթները բացահայտորեն մերժում են քուրդ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը ազատորեն որոշելու իրավունքը։ Քրդերից պահանջում են ենթարկվել Դամասկոսի կառավարության կամքին և ընդունել այն սահմանափակ իրավունքները, որոնք Դամասկոսի իշխանությունները պատրաստ են ճանաչել։
Շարայի ղեկավարած Սիրիայի կառավարությունը նպատակ ունի վերահսկողություն հաստատել քրդերին պատկանող և նրանց վերահսկողության տակ գտնվող շրջանների բոլոր բնական հարստությունների՝ նավթի, գազի, գյուղատնտեսական ռեսուրսների, ջրային պաշարների, ինչպես նաև սահմանային անցակետերի նկատմամբ։ Այդ նպատակով ձգտում են քրդերին դուրս մղել նշված տարածքներից, նրանց սեղմել Սիրիայի արևելքում գտնվող նեղ գոտու մեջ և այդ կերպ ոչնչացնել։
Քրդերը մինչ այժմ երբեք չեն եղել հրադադարը խախտող կողմը։ Հրադադարի խախտումները կատարվել են Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող ջիհադիստական խմբերի կողմից։ Պետք է ընդգծել, որ Սիրիայում գործող ներկայիս Շարայի կառավարության և նրան ենթակա ջիհադիստական խմբավորումների մեջ առկա են ավազակային կառուցվածք։ Այս կառուցվածքը կազմված է տասնյոթ տարբեր ջիհադիստական խմբերից, որոնք սնվում են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ), «Իսլամական պետություն» (ԻԼԻՊ- ISIS), Ալ-Նուսրա և Ալ-Կաիդայի նման ցանցերից և պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների համար։
Անցյալում Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի ծածկանվամբ հայտնի «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպության ղեկավարը՝ Ահմեդ ալ-Շարան, ԱՄՆ-ի կողմից կարմիր ծանուցումով որոնվող ահաբեկիչ էր, որի գլխի համար խոստանում էին 10 միլիոն դոլար մրցանակ։ Նրան մեկ օրում կոստյում հագցրեցին և Սիրիայի նախագահ նշանակեցին։ Այս իրավիճակը փաստացիորեն օրինականացվեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի կողմից։
Շարան և ջիհադիստական խմբերը, որոնց դեմ քուրդ ժողովուրդը պայքար է մղել 2015-18թթ․, այսօր ընդունելի են դարձել միջազգային դերակատարների կողմից։ Երեկ ԻԼԻՊ-ի և նմանատիպ կազմակերպությունների կարևոր դեմքերը, որոնք կռվել են ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ, այսօր աջակցություն են ստանում Շարայի ռեժիմից քուրդ ժողովրդի դեմ իր ցեղասպանական քաղաքականության մեջ։
Այս կառույցը ոչ միայն քրդերի, այլև դրուզների, ալևիների, հայերի և քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ համակարգված կերպով մարդկության դեմ հանցագործություններ է գործում։ Անհնար է ակնկալել, որ նման մտածելակերպը կստեղծի խաղաղության։
– Ինչու՞ է ՍԴԳ-ն մերժում ինտեգրվել Սիրիայի բանակին
– Ներկա պայմաններում Սիրիայում խոսել՝ ինստիտուցիոնալ և ազգային բանակի մասին, անհնար է։ Ինտեգրվելու բանակ չկա։ Նույնիսկ ՀԹՇ-ն ինքնին միատարր կառույց չէ. այն տասնյոթ տարբեր ջիհադիստական խմբավորումներից կազմված ավազակախմբերի հավաքածու է։ Քրդերին այսպիսի կառույցների մեջ ինտեգրելու գաղափարի պաշտպանությունը բացահայտ կերպով ուղեղի մթագնում է։ Քրդերը Մերձավոր Արևելքի ամենահնագույն ժողովուրդներից են․ նրանք ձևավորել են ժամանակակից, աշխարհիկ, մարդու իրավունքները հարգող, ժողովրդավարական և արժանապատիվ հասարակություն։ Ջիհադիստական խմբավորումների կողմից Սիրիայում և Իրաքում իրականացված վայրագությունները, հատկապես եզդի, ասորի և այլ քրիստոնյա կանանց նկատմամբ, դեռևս թարմ են հիշողության մեջ։ Հատկապես անընդունելի է պահանջել քուրդ կանանց ռազմական ստորաբաժանումների ինտեգրումը բռնաբարող և կոտորածներ իրականացնող այդ մտածելակերպի ներկայացուցիչների մեջ։ Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDG) ինքնալուծարումն ու այդ կառույցներին միանալը ոչնչով չի տարբերվում գառին գայլին հանձնելուց։
– Թուրքիան ի՞նչ դեր ունի այս ռազմական գործողություններում
– Թուրքիան այս գործընթացի ամենորոշիչ դերակատարներից մեկն է։ Սիրիայում այսօր ստեղծված իրավիճակի ճարտարապետներից մեկը հենց Թուրքիան է։ Բաշար Ասադի տապալման գործընթացի գլխավոր դերակատարները եղել են Թուրքիան և Էրդողանը։ 2025 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Էրդողանի հասցեին հնչեցրած հայտարարությունները այս իրողությունը բացահայտ կերպով ի ցույց դրեցին։ Թրամփը, գովաբանելով Էրդողանին, նշել է․ «Նա երբեք մեզ չի հիասթափեցնում, կատարում է իմ յուրաքանչյուր պահանջը», ապա հավելել է․ «Տարիներ շարունակ դատական գործերի և այլ խնդիրների մեջ ներգրավված որոշ մարդկանց ազատ արձակեց։ Ես նրան ասացի՝ «Դու պետք է նրանց ազատ արձակես», և նա այդպես էլ արեց»։
Թուրքիայի աջակցությամբ գործող «Ազատ սիրիական բանակը», ջիհադիստական խմբավորումները, ՀԹՇ-ն և Շարայի վարչակազմը ի սկզբանե կազմակերպվել են այն նպատակով, որպեսզի քուրդ ժողովուրդը Սիրիայում որևէ կարգավիճակ չունենա։ Թուրքիան իր բանակով, տանկերով, ռազմական օդանավերով, անօդաչու թռչող սարքերով և ժամանակակից ռազմական տեխնիկայով Սիրիայում փաստացի ներկայանում է որպես օկուպացիոն ուժ։ Դաշտում բախվող երկու հիմնական ուժերն են Սիրիայի ժողովրդավարական ուժերը և թուրքական պետությունը։

– Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի և արևմտյան երկրների դիրքորոշումը
– ԱՄՆ, որը դեռ երեկ քրդերին անվանում էր «ռազմավարական գործընկեր», շատ կարճ ժամանակում հետ քաշեց իր աջակցությունը քուրդ ժողովրդից։ Այս իրավիճակը բացահայտ ցույց է տալիս, որ քրդերը թողնվել են ջիհադիստական խմբավորումների և տարածաշրջանային ուժերի քաղաքականությունների քմահաճույքին։ Թուրքիան, անկախ նրանից՝ աշխարհի որ հատվածում է գտնվում քուրդ ժողովուրդը, ի վիճակի չէ հանդուրժել անգամ նրանց ամենաչնչին մարդասիրական կամ քաղաքական ձեռքբերումները․ քրդերի նվաճումները ոչնչացնելու համար պատրաստ է վճարել ցանկացած գին և տալ ցանկացած զիջում։
Այս կոչը քուրդ ժողովրդի կողմից միջազգային կոալիցիայի և ողջ մարդկության համար վճարված ծանր գնի, ինչպես նաև այսօր նրանց բաժին հասած մեկուսացվածության հստակ արտահայտությունն է։ ԱՄՆ-ի համար Իսրայելը և Թուրքիան անփոխարինելի ռազմավարական գործընկերներ են։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և մյուս արևմտյան երկրները սեփական շահերի համար ևս մեկ անգամ երես են թեքել քուրդ ժողովրդից։ Շարայի կառավարությունը և Թուրքիան ԱՄՆ-ի երաշխավորությամբ Փարիզում կնքված հունվարի 6-ի համաձայնագրում բացահայտ կերպով պարտավորվել են, որ Իսրայելի նկատմամբ որևէ սպառնալիք չեն ներկայացնի։ Թուրքիան տարածաշրջանում շարունակում է սպառնալիք հանդիսանալ՝ առաջին հերթին քուրդ ժողովրդի, ինչպես նաև մյուս հնագույն ժողովուրդների համար։
Հունվարի 18-ին Դամասկոսում ստորագրված համաձայնագրի ընթացքում Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDG) հրամանատար Մազլում Աբդիի առաջ դրվել է հանձնման տեքստ։ Մազլում Աբդին, մերժելով այս պարտադրանքը, հայտարարել է․ «Ես կարող եմ պատվով մահանալ, բայց չեմ վաճառի իմ ժողովրդին և իմ պատիվը», այդպիսով դրսևորելով պատմական դիրքորոշում։ Այս դիրքորոշումը միայն Մազլում Աբդիինը չէ, այլ ամբողջ քուրդ ժողովրդի դիրքորոշումն է։
Այսօր աշխարհի չորս կողմերում միլիոնավոր քրդեր՝ փողոցներում, հրապարակներում և սահմանները հատելով, համախմբվել են՝ միանալու Ռոժավայում (Սիրիայի հյուսիս-արևելք խմբ․) ընթացող դիմադրությանը։ Այս դիմադրությունը քուրդ ժողովրդի կամքի, արժանապատվության և ազատության համար մղվող պայքարի արտահայտությունն է։

Դեմիր Սյոնմեզ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հարցազրույցում առկա վիճելի ձևակերպումները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետների հետ։ Բովանդակային առումով առանց խմբագրական միջամտությունների կարծիքների ամբողջական հրապարակումն ունի սկզբունքային կարևորություն հետևյալ նպատակների համար.
1. Ներկայացնել մասնագիտական տարբեր կարծիքներ։
2. Պահպանել հարցազրույցի ժանրի լրագրողական վարվեցողության կանոնները։
Աղբյուր՝ Ermenihaber.am








