Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Օրակարգում է լինելու ռուս-ուկրաինական պատերազմը և դրա հանգուցալուծմանը միտված երկու երկրների միջև խաղաղության շուրջ բանակցությունների վերսկսման հարցը:
Այս մասին հայտարարությունը տարածել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը: Նշվում է, որ այս տարում` 2025-ին, սա Զելենսկի-Էրդողան դեմ առ դեմ 3-րդ հանդիպումն է լինելու և կրկին անցկացվելու է Թուրքիայի նախագահականում:
Բացի այդ, Բուրհանեթթին Դուրանը այլ մանրամասներ է ներկայացրել: Ըստ այդմ՝ քննարկվելու են հենց Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսմանն ուղղված հնարավոր իրականացվելիք քայլերը, ինչպես նաև Ռուսաստանի հետ գերիների փոխանակման հարցը:
Նշվում է նաև, որ անդրադարձ է կատարվելու Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական գործընկերային հարաբերությունների բոլոր ուղղություններին և երկու երկրների միջև առկա համագործակցությունն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Զելենսկին Իսպանիայում ունեցած շփումներից հետո արված հայտարարություններում նշել էր, որ նոյեմբերի 19-ին Թուրքիայում հանդիպումներ կունենա:
Աղբյուր՝ Trt Haber