Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատգամավոր Ջենգիզ Չանդարը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայում 9 տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի օրենքի ուժով ազատ արձակումը:
Չանդարը նշել է, որ օրենքի համաձայն, Դեմիրթաշն արդեն իսկ պետք է ազատ արձակված լիներ:
«ՊԵտք է ազատ արձակվեր արդեն այս շաբաթ: Ոչ մի ձայն դուրս չեկավ: Շատ հավանական է, որ այս շաբաթավերջ և կամ հաջորդ շաբաթ նա դուրս կգա»,-ասել է նա:
«DEM» կուսակցության պատգամավորը նման հայտարարություններով հանդես է եկել Իրաքի Դոհուկ քաղաքում, ուր մեկնել էր մասնակցելու «Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության 6-րդ համաժողովին» (MEPS 2025): Վերջինիս ուղղվել էր «Սելահաթթին Դեմիրթաշը ե՞րբ ազատ կարձակվի» հարցը:
Հիշեցնենք, որ ԺԴԿ նախկին համանախագահը տարիներ առաջ մի հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի համար մեղադրվել էր «ահաբեկչության պրոպագանդա» կատարելու մեջ և Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի որոշմամբ դատապարտվել էր 4 տարի 8 ամիս ազատազրկման: Նա 2016թ․ նոյեմբերի 4-ից գտնվում է Էդիրնեի բանտում։ Դեմիրթաշի փաստաբան Այդըն Էրդողանի պնդմամբ՝դեռևս 2019թվականին ըստ Թուրքիայի օրենքի, նախկին պատգամավորն արդեն կրել էր այդ պատիժը և պետք է ազատ արձակված լիներ:
Աղբյուր՝ Kronos









