Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում, Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացվել է «Արևմտյան Բալկանների տարածաշրջանային սոցհարցում»։ Դեմ առ դեմ անցկացված սոցհարցման ընթացքում մասնակիցներին տրվել է «Դուք շատ բացասական, որոշ չափով բացասական, որոշ չափով դրական, թե՞ շատ դրական կարծիք ունեք հետևյալ համաշխարհային և տարածաշրջանային առաջնորդների վերաբերյալ» հարցը։
Ըստ հարցման արդյունքների՝ Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում և Հյուսիսային Մակեդոնիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին սոցհարցման մասնակիցներն ունեն շատ դրական կարծիք։ Հարցմանը մասնակցել են 1219 մարդ Բոսնիա և Հերցեգովինայից, 1164-ը՝ Կոսովոյից, 1020-ը՝ Չեռնոգորիայից, 1221-ը՝ Հյուսիսային Մակեդոնիայից և 1216-ը՝ Սերբիայից։
Մասնավորապես Բոսնիա և Հերցեգովինայում հարցվածների 62%-ը նշել է, որ դրական կարծիք ունի Էրդողանի մասին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 50%-ով, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երրորդը՝ 42%-ով։
Կոսովոյում անցկացված հարցման արդյունքներով՝ Էրդողանի մասին դրական կարծիք ունի հարցվածների 77%-ը, Էրդողանին հաջորդել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ 74%-ով, և Սի Ցզինպինը 16%-ով։
Հյուսիսային Մակեդոնիայում ևս Էրդողանը զբաղեցրել է առաջին տեղը՝ 75%-ով, Թրամփը՝ 66%-ով երկրորդ, իսկ Պուտինը՝ 52 %-ով երրորդ։ Չեռնոգորիայում Սի Ցզինպինը զբաղեցրել է առաջին տեղը՝ 57 % հավանությամբ, վերջինիս հաջորդում են Էրդողանը, Պուտինը և Թրամփը։ Սերբիայում Պուտինը զբաղեցրել է առաջին տեղը՝ 79 % հավանությամբ, Սի Ցզինպինը երկրորդ տեղում է՝ 70 % հավանությամբ, իսկ Թրամփը՝ երրորդ տեղում՝ 44 % հավանությամբ։ Էրդողանըստացել է 38 % հավանություն։
Աղբյուր՝ TRT haber