Ժամանակակից աշխարհում ամենից շատ բարձրաձայնված և ամենից շատ չակերտավոր ուշադրության արժանացած հակամարտություններից մեկը, որում հատկապես բացակայում էր հումանիտար դրսևորման որևէ ակտ, իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումն էր, որն էլ վերածվել էր հերթական պատերազմի:
Ամեն ինչ սկսվեց, երբ 2023-ի հոկտեմբերի 7-ին, ըստ իսրայելական կողմի հայտարարության, Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ»-ի զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա, գերեվարեցին մեծ թվով քաղաքացիների և տասնյակների էլ սպանեցին:
Այս իրավիճակից հետո կարծես ինքնաբուխ մի հարց էր առաջանում. ինչպե՞ս կարող էին զինյալները խոցելի դարձնել աշխարհում ամենապաշտպանված և ռազմական առումով ամենազարգացած երկրներից մեկը համարվող Իսրայելի պաշտպանությունը, այն էլ այնպիսի ուղղությամբ, որից իսրայելական կողմն ամենից շատ կարող էր սպասել հարձակման:
Ի՞նչ եղավ հետո. Իսրայելը հայտարարեց հակահարձակում սկսելու մասին, որոտացին պայթյուններ և 2 տարի շարունակ աշխարհը հետևեց, թե ինչպես է Գազայի բնակչությունը ծանր պայմաններում սովամահ լինում և կամ դառնում հրթիռային հարվածների զոհ, իսկ բուն տարածքը հետզհետե անցնում Իսրայելի վերահսկողության տակ:
Թուրքիան ամենաբարձր մակարդակով Իսրայելին մինչ օրս որակում է «Օկուպանտ և ցեղասպան», իսկ «ՀԱՄԱՍ»-ին՝ «Ազատության համար կռվող մարտիկներ»։ Բայց այն հարցին, թե ինչ է իրականում արել Թուրքիան որպեսզի պաշտպանի թե՛ ՀԱՄԱՍ-ին, թե՛ Պաղեստինին և թե՛ պաղեստինցի ժողովրդին, դժվար կլինի պատասխանել:
Կարող ենք թվարկել, թե ինչ տարբերակներով է Թուրքիայի դիվանագիտությունը փորձել «խաղալարի» վրա մնալ որպես երկերեսանի: Ի՞նչ է սա նշանակում. նախ, ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելի հետ առևտուրն ամբողջությամբ դադարեցնում է, ապա ամեն օր պետական ամենաբարձր ատյաններից թուրք պաշտոնյաները սկսեցին խոսել այդ մասին՝ շեշտելով, որ իրենք միակն են, որ գնացել են այդ քայլին:
Սակայն, ավելի ուշ վիճակագրական տվյալների, այն էլ պաշտոնական տվյալների բաց աղբյուրներում հայտնվելուց հետո պարզ դարձավ, որ այդ ամենը միֆ էր, իսկ երկկողմ առևտուրը շարունակվում էր: Դրան հաջորդեցին պաշտոնական բացատրություններն այն մասին, թե անհնար է ամբողջությամբ և միանգամից կտրել առևտրային կախվածությունը, քանի որ այն մեծապես ազդում է անհրաժեշտ ապրանքների խմբաքանակի ապահովման, գների և այլ տնտեսական նշանակության հարցերի վրա: Այնուամենայնիվ, վստահեցրին, որ դա փուլային գործընթաց է և ավարտվելու է ամբողջությամբ առևտրի դադարեցմամբ:
Ակնհայտ է դառնում, որ նման քայլի մասին հայտարարությունները Թուրքիային թույլ տվեցին ավելի սիրվել, հարգվել և ավելի շահեկան դիրքերում հայտնվել թյուրքական աշխարհի պետությունների շրջանակում, կարճ ասած՝ Թուրքիան հաճոյացավ նրանց, քանի որ ինքն իրեն թյուրքական աշխարհի առաջնորդ ներկայացնող պետությունը չէր կարող որևէ քայլ չձեռնարկել, թեկուզ և անօգուտ: Պարզ էր, որ եթե նույնիսկ առևտուրը դադարեցվեր, ԱՄՆ-ի պես հավատարիմ դաշնակից ունեցող Իսրայելն ամբողջ աշխարհի դեմ պատերազմում էլ գուցե չոր դուրս գար:
Այնուամենայնիվ, Էրդողանն ու իր վարչակազմը սերտորեն շարունակում էին Իսրայելին մեղադրել, ՀԱՄԱՍ-ին գովաբանել, ապաստանել վերջիններիս ղեկավար անձնակազմին, ապա հրադադարի կոչեր անել: Ընդ որում, կոչեր՝ ուղղված աշխարհին: Քայլեր կատարելու կոչեր: Ավելի ուշ այս քաղաքականությունը վերածվեց Իսրայելի դեմ արշավի, որը պնդում էր, որ հաջորդը կարող եք լինել դուք և որ «օկուպանտ» պետությունը դրանով չի սահմանափակվելու:
Հաջորդ քայլը երկու լոզունգների որդեգրումն էր. «Գազայում հրադադարի հնարավորինս շուտ հաստատման և հումանիտար բեռների անխոչընդոտ մուտք այդ տարածք», որը Թուրքիայի բոլոր ներկայացուցիչները կրկնում էին միջազգային գործընկերների հետ հանդիպման ընթացքում:
Այս համատեքստում փաստ է այն, որ Թուրքիան 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Եգիպտոսին սահմանամերձ Ռեֆահ քաղաքի անցակետով, ինչպես նաև օդային ճանապարհով 101.725 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել՝ տևական ժամանակ միայն հետևելով Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-Իսրայել բանակցություններին:
Այսպիսով, մինչ Թուրքիան Գազայում հակամարտությունն օգտագործում էր որպես իսլամական աշխարհին հաճոյանալու PR հիասքանչ գործիք և մամուլ նետում այնպիսի լուրեր և սպառնալիքների մասին պնդումներ, թե Իսրայելը վախենում է թուրքական ռազմական ուժից և կամ Թուրքիան պետք է պատրաստ լինի Իսրայելի հետ հնարավոր հակամարտության, կամ արդեն Թուրքիայի համբերությունը հատել է, իրականում այդպես էլ ոչինչ տեղի չէր ունենում:
Ընդհակառակը, Գազայում կանանց և երեխաների մահվան թվերը գնալով մեծանում էին, որոշները սովամահ էին լինում, իսկ որոշները հայտնվում փլատակների տակ, սակայն ինչպես ամբողջ «հումանիտար» աշխարհը, այնպես էլ Թուրքիան ի զորու էին միայն հայտարարություններ անել:
Ի վերջո, հրադադարի հաստատման բազմաթիվ անհաջող փորձերից հետո, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, Գազայում պաշտոնապես հրադադարի հաստատման մասին լուրն առաջին անգամ ի հայտ եկավ 2025-ի հոկտեմբերի 9-ին, որը կրկին Թուրքիայի համար դարձավ գովազդվելու հերթական առիթը: Ահա թե ինչպես և ամենասկզբից:
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եկավ փոխարինելու ԱՄՆ «Ժողովրդավարական» նախագահ Ջո Բայդենին և աշխարհին խոստացավ բերել խաղաղություն, իսկ Ամերիկան դարձնել «կրկին հզոր»: Իհարկե, սա ակնհայտորեն պայմանավորված է Թրամփի անձնական նկրտումներով և խաղաղության նոբելյան մրցանակին հասնելու վերջինիս անդրդում ձգտմամբ:
Թրամփի քաղաքականությունը կտրականապես տարբերվեց Բայդենի վարչակազմի գործելաոճից, այն ոչ միայն դրսևորվեց ներքաղաքական (Բայդենի վարչակազմի կողմից ստորագրված հրամանագրերի ստուգում, մեծ մասի չեղարկում, արտաքին և ներքին ֆինանսավորման կրճատում ու դադարեցում), այլև արտաքին քաղաքական դաշտում:
ԱՄՆ 47-րդ նախագահը հայտարարեց, որ ռուս-ուկրաինական պատերազմը պիտի դադարեցվի և իր նախագահ լինելու պայմաններում այն երբեք չէր սկսվի, որ Գազայի արյունահեղությանը պետք է վերջ դրվի (որին հաջորդեց նաև Թրամփի ծրագրի հրապարակումը), որ Հարավային Կովկասում խաղաղություն պետք է լինի, իսկ Ալյասկան և Կանադան պետք է մտնեն ԱՄՆ կազմի մեջ, ինչպես նաև տնտեսական պատերազմ հայտարարեց աշխարհի խոշոր և միջին պետություններին:
Չնայած Թրամփի ամպագորգոռ հայտարարություններից կեսը մնացին օդում, իսկ ռուս-ուկրաինական հակամարտությունը մինչ օրս շարունակվում է և Հարավային Կովկասում դեռևս փխրուն խաղաղություն է, Թրամփը մեծ շոու կազմակերպեց: Հոկտեմբերի 9-ի բանակցություններից հետո վերջինս հայտարարեց, որ Գազայում այլևս խաղաղություն պետք է լինի և առաջ անցավ Էրդողանի «երազանքներից»՝ այսչափ հաճոյանալու իսլամական աշխարհին, որն այսօրերին հոմանիշն է միլիարդավոր դոլարների և մեծ ներդրումների:
Հարկ է նշել, որ Թրամփի քաղաքականության և Իսրայելի հետ պայմանավորվածության արդյունքում հաստատված հրադադարը լավ առևտրի հնարավորություն էր նաև Թուրքիայի տեսանկյունից: Կարծում ենք, որ մինչև հոկտեմբերի 9-ի վերջին բանակցության օրը պարզ էր, որ հրադադար լինելու է կողմերից և բոլորի համար: Այդ պարագայում հարց է առաջանում, ինչու՞ Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը՝ մեկնեց անձամբ մասնակցելու այդ բանակցություններին, մի՞թե վերջին բանակցման օրը Քալընի ներգրավվածությունն այդքան վճռական կարող էր լինել:
Ամեն ինչ բերում է այն մտքին, որ իրականում սա միայն քաղաքական գովազդի և PR-ի հարց էր. այս մասին վկայում է նաև այն, որ թուրքական մամուլում տարածվող լուրերում ամենից շատ ընդգծվում էր ոչ թե այն միտքը, որը Գազայում հրադադար է, այլ այն, որ Թուրքիան հրադադարի հարցում ներդրում է ունեցել և կարևոր դեր է կատարել, ինչի մասին ավելի ուշ տարբեր առիթներով հայտարարում էր նաև Թրամփը:
Այս հայտարարութուններն ու հարցին նման կերպ մոտենալը, ինչպես նաև կուլիսային այն խոսակցությունները, որ այժմ ԱՄՆ-ն համոզում է Իսրայելին, որպեսզի Գազայում տեղակայվելիք խաղաղապահ զորախմբի մեջ տեղ գտնի նաև թուրքական զինուժը, ակնարկում է Թուրքիա-ԱՄՆ գաղտնի գործարքի մասին, որի բնույթն ավելի ուշ ցույց կտան հետագա զարգացումները:
Ի վերջո, Թուրքիան համաձայնել է գնել վաղուց իր նախկին համբավը չունեցող ամերիկյան «Boeing» ինքնաթիռները, ինչպես նաև կարծես հրաժարվել է պահանջել վճարված F-35-երի մատակարարումը՝ ցանկություն հայտնելով Կատարից գնել օգտագործած եվրոպական «Eurofighter» կործանիչներ:
Բացի այդ Թուրքիան կարծես սեփական քաղաքականության «կատարելությունը» և իսլամական աշխարհին «հաճոյանալու» ուռճացման շուրջ է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ, գուցե նաև այն պայմանով, որ առաջիկա ընտրություններում ԱՄՆ-ն չխոչընդոտի Էրդողանի վարչակազմի հաղթանակին և ինչու ոչ հակառակը՝ խթանի ընտրություններում վերջիններիս հաղթանակին:
Հարկ է ընդգծել, որ այս ամենով Թուրքիան թվացյալ հնարավորություն է ստանում ոչ միայն շեշտակիորեն մեծացնել իր քաղաքական դերակատորւմը համաշխարային զարգացումների բովում (ինչպես դա անում էր ռուս-ուկրաինական բանակցությունները կազմակերպելու հարցում), այլև շարունակում է խոսել Գազայում «վաստակված» ռազմական ներկայության մասին՝ ամենշաբաթյա ՊՆ ներկայացուցիչների ասուլիսում կրկնելով. «Թուրքիայի զինուժը պատրաստ է կատարելու իրեն հանձնարարվելիք յուրաքանչյուր առաջադրանք: Մենք բանակցում ենք մեր գործընկերների հետ՝ Գազայում տեղակայվելիք ծառայողական խմբի մեջ ներգրավվելու հարցով»:
Նույնիսկ հոկտեմբերի 22-ին Թուրքիայի ԱԳՆ-ն հրապարակել էր «պարզամիտ» մի տեքստ, որում պնդում էր, թե Թուրքիան բանավոր և գրավոր հայտարարություններով նպաստել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի գործողությունները քննող դատավարությանը, որի վճիռն Իսրայելի գործողությունների անընդունելիությունն ապացուցել էր:
Սա ոչ այլ ինչ է, քան հերթական ակնհայտ հիմնավոր եզրակացության մեկ հիմք. Թուրքիան ամեն պատեհ առիթով փորձում է ապացուցել, որ ինքն արել է ինչ-որ բան Պաղեստինի և Գազայի համար, քանի որ իրականում ԱՄՆ-ն, գերազանցելով վերջինիս հայտարարությունների ուժը, զրկել է Թուրքիային որևէ վճռական քայլով իսլամական աշխարհին հաճոյանալու հնարավորությունից:
Այլ կերպ ասած՝ Թուրքիան փորձում է Թրամփի խաղաղության շոուն վերագրել իրեն:
Աղբյուր՝ Ermeni Haber
Հեղինակ՝ Անդրանիկ Տեր-Կարապետյան










