Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։
Նիստի օրակարգային հարցերի թվում են եղել «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականը, Սիրիայի թեման, Գազայում տիրող իրավիճակը և Թուրքիայի պատրաստակամությունը մասնակցելու խաղաղության և կայունության ապահովմանը, Սուդանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական համակարտությունը։ Ի թիվս այս հարցերի նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացում վերջին շրջանում արձանագրված դրական զարգացումների համատեքստում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Վերահաստատվել է մեր կամքը՝ ապահովելու Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և զարգացում»։
Աղբյուր՝ İletişim.gov









