Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ), հայտարարել է, որ «Գազայի հատվածում թուրք կամ կատարցի զինվորներ չեն լինելու»։ Նա նաև նշել է, որ տարածաշրջանում Թուրքիայի ներկայության ընդլայնումը անհամաձայնություններ է առաջացրել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև։
Նեթանյահուն հայտնել է նաև, որ Իսրայելը մոտենում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած Գազայի ծրագրի «Բ փուլին», որը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում և Գազայի ապառազմականացում։ Նրա խոսքով՝ Իսրայելը հավատարիմ է այդ նպատակներին։ Միևնույն ժամանակ վերջինս շեշտում է, որ ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունեն նաև Գազայի գործընթացներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի հարցում, որի մեջ ընդգրկված են նաև թուրք և կատարցի ներկայացուցիչներ։
«Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցելու նպատակով ստեղծվելիք խորհրդատվական կառույցի կազմի հարցում ԱՄՆ-ի մեր բարեկամների հետ հստակ անհամաձայնություններ ունենք»:
Այս իրավիճակում Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդն էլ քննադատում է Նեթանյահուի հայտարարությունները՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը որոշումներ է կայացնում Գազայի կառավարման վերաբերյալ՝ շրջանցելով Իսրայելի վարչապետին։
Թուրքական մամուլում Նեթանյահուի հայտարարությունների վերաբերյալ տարածվող լուրերում Իսրայելի վարչապետի անդրադարձը հիմնականում հետևյալ կերպ է ձևակերպված. «Թուրքիա բառն անընդհատ Նեթանյահուի շուրթերին է. նա անհանգստացել է»:
Աղբյուր՝ bizimtv.com









