Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել իր վրացի գործընկերոջ՝ Միխել Սարջվելաձեի հետ։ Կողմերը երկու երկրների միջև առողջապահական ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։
Թուրք նախարարը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Վրաստանի վարչապետի գրասենյակից տարածված հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաև երկու երկրների առողջապահական հարաբերությունները։
Քննարկումների ընթացքում ընդգծվել է, որ առողջապահության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը բերել է զգալի և շոշափելի արդյունքների՝ ապահովելով քաղաքացիների համար որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիություն և դեղորայքի ֆինանսական հասանելիության բարձրացում։
Հանդիպման ընթացքում նաև շեշտվել է մանկական օնկոլոգիական ծառայությունների հետագա ուժեղացման կարևորությունը։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առողջապահության նախարարին Վրաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած աջակցության համար։
Կոբախիձեն նշել է, որ այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը կնպաստի Թուրքիայի և Վրաստանի միջև առողջապահական ոլորտում համագործակցության խորացմանը։
Աղբյուր՝ Haberler