«Focus Plus» կայքում թուրք հեղինակ Քենան Թոփրաքը, նիգերիացի հեղինակ Իսահ Ալիյու Չիրոմայի հետ համատեղ վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիա-Նիգերիա հարաբերությունների վերաբերյալ։ Հոդվածում նշվում է, որ հունվարի 26-ին Նիգերիայի նախագահ Բոլա Ահմեդ Թինուբուի Թուրքիա կատարած պաշտոնական այցը նշանավորվել է Անկարայի և Աբուջայի միջև հարաբերությունների զարգացման նոր փուլի մեկնարկով։ Այցի ընթացքում ստորագրվել է 9 համաձայնագիր, որոնք վերաբերում են անվտանգությանը (ռազմական), տնտեսությանը, կրթությանը, պաշտպանությանը, էներգետիկային և ենթակառուցվածքներին։
Ընդգծվում է, որ կողմերը կարևորում են հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը և ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագիրը նախատեսում է ռազմական ուսուցում, հետախուզական տվյալների փոխանակում և ռազմական արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրեր։ Այս համատեքստոմ նշվում է նաև, որ Թուրքիան հայտնել է Նիգերիայի անվտանգության ամրապնդմանն աջակցելու պատրաստակամություն:
Երկու երկրների հարաբերությունների անդրադարձում անմասն չի մնացել նաև տնտեսական համագործակցությունը: Ըստ այդմ՝ Թուրքիան և Նիգերիան նպատակ ունեն միջնաժամկետ հեռանկարում երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 5 մլրդ դոլարի։ Բացի այդ նշվել է, որ Նիգերիայում այժմ գործում է ավելի քան 50 թուրքական ընկերություն, իսկ թուրքական շինարարական ընկերությունների իրականացրած նախագծերի ընդհանուր արժեքը մոտենում է 3 մլրդ դոլարին։
Տեղեկացվում է, որ դիվանագիտական հարթակում կողմերը ևս համագործակցում են: Տվյալ դեպքում «D-8»-ի և «Իսլամական համագործակցության կազմակերպության» շրջանակում՝ «հանդես գալով ավելի արդար և բազմաբևեռ միջազգային համակարգի օգտին»։
Միջանկյալ նշենք, որ «D-8»-ը տնտեսական համագործակցության կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997-ին։ Դրան անդամակցում են Բանգլադեշը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Նիգերիան, Պակիստանը և Թուրքիան։
Հեղինակների գնահատմամբ՝ Թուրքիա–Նիգերիա գործընկերության խորացումը կարող է դառնալ «Հարավ-Հարավ» երկրների միջև 21-րդ դարի լավ համագործակցության օրինակ՝ անվտանգության, տնտեսության և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից։
Աղբյուր՝ Kronos










