Թուրքական ընդդիմադիր «Karar» թերթում մի շարք հոդվածների հեղինակ, լրագրող, տնտեսագետ Իբրահիմ Քահվեջին անդրադարձել է Թուրքիայում հետզհետե ահագնացող արտագաղթին: «Կրված դավաճանները փախչում են երկրից» հոդվածում Քահվեջին ընդգծել է, որ թեև Թուրքիա են գալիս բազմաթիվ ներգաղթյալներ, բայց մեծացել է նաև արտագաղթողների թիվը։
Ըստ Քահվեջիի ներկայացրած տվյալների՝ եթե 2016-2024 թվականներին 940.000 Թուրքիայի քաղաքացի է վերադարձել իր հայրենիք, ապա նույն ժամանակահատվածում ավելի քան 1.5 մլն քաղաքացի լքել է երկիրը:
«Իրականում կոնկրետ արտագաղթ հիմնականում ունեցել ենք վերջին 3 տարում. 300.000 մարդ եկել է, 582.000-ը՝ գնացել»,- հավելել է նա:
Բացի այդ հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրել երկիրը լքող մարդկանց մասնագիտական որակավորումների վրա: Ըստ այդմ՝ հիմնականում լքում են լավ կրթված մարդիկ: Քահվեջին, շեշտելով հատկապես 2023-ի ընտրություններից հետո շուրջ 190.000 մարդու արտագաղթը, գրում է. «Սա այլ բան է նշանակում: Իշխանականների տեսանկյունից նրանք կարող են դիտարկվել որպես կրթված դավաճաններ, սակայն երկրի տեսանկյունից հայրենիքը լքել է լավ ինժեները, լավ բժիշկը, լավ դատախազը և կամ լավ դատավորը»:
Նա հատկապես ընդգծում է այդ թեմայի նկատմամբ մարդկանց տոտալ անտարբերությունը. «Մենք ասացինք՝ գնում են, թող գնան, դե իսկ իրենք էլ գնում են»:
Հոդվածն ամփոփվում է հռետորական հարցերով.
«Ամենադաժան սպանություններն արդեն մեր երկրում են… մի՞թե պատահականություն է:
Չտեսնված ավազակախմբերը մեր երկրում են վխտում… մի՞թե պատահականություն է»:
Աղբյուր՝ Diken










