Հրապարակվել են տարբեր երկրների հասարակություններում միմյանց նկատմամբ մարդկանց վստահության մակարդակը բացահայտող վերջին հետազոտության արդյունքները։ Սոցհարցման մասնակիցներին ուղղվել է հետևհալ հարցը՝ «Արդյո՞ք կարելի է վստահել մարդկանց մեծ մասին»։
Վստահության 73.9 տոկոս ցուցանիշով Դանիան ճանաչվել է աշխարհի ամենավստահելի երկիրը։ Նրան հաջորդել են Նորվեգիան՝ (72.1 տոկոս) և Ֆինլանդիան (68.4 տոկոս)։ Չորրորդ տեղում հայտնվել է Չինաստանը, որտեղ բնակչության 63.5 տոկոսը նշել է, որ վստահում է մյուս մարդկանց։ Իսկ հնգյակը եզրափակել է Շվեդիան (62.8 տոկոս)։
Հետազոտության ուշագրավ արդյունքներից մեկը Թուրքիայի զբաղեցրած դիրքն է հանրային վստահության վարկանիշում։ Առաջատար երկրների համեմատությամբ Թուրքիայում անհատների միջև վստահության մակարդակը բավականին ցածր է՝ ընդամենը 14 տոկոս։ 80 երկիր ներառող ցանկում Թուրքիան զբաղեցրել է 61-րդ տեղը և դասվել վստահության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքին։
Նշվում է, որ բարձր եկամուտ և ավելի կայուն ինստիտուցիոնալ կառուցվածք ունեցող երկրներում վստահության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է։ Ըստ մասնագիտական դիտարկումների՝ տնտեսական զարգացման բարձր մակարդակ ունեցող հասարակություններում վստահությունն աճում է, իսկ զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրներում այդ զգացումը թուլանում է։
Աղբյուր՝ egealternatif.com










