Ստամբուլի գլխավոր դատախազությունը, Ստամբուլի քաղաքապետարանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունից հետո, նամակ է ուղարկել Վճռաբեկ դատարան։ Նամակում հղում է արվել Թուրքիայի սահմանադրության 68-րդ և 69-րդ հոդվածներին, ինչպես նաև «Քաղաքական կուսակցությունների մասին» 101-րդ և հաջորդ հոդվածներին։ Այդ հոդվածները վերաբերում են քաղաքական կուսակցությունների պատասխանատվության ենթարկմանն ու փակման կարգավորմանը։
Նշենք, որ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ, Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և քաղաքապետարանի ղեկավար կազմի նկատմամբ իրականացվող կոռուպցիոն քննության շրջանակում պատրաստված մեղադրական եզրակացությունը կազմված է 3900 էջից։ Որպես «կասկածյալ» նշվել է 402 անձ, որոնցից 105-ն այս պահին կալանավորված են։ Իմամօղլուի նկատմամբ ներկայացվել է 142 մեղադրանք, և նրա համար պահանջվել է 828-ից մինչև 2352 տարվա ազատազրկում։
Չնայած Ստամբուլի գլխավոր դատախազությունը ավելի ուշ հայտարարեց, որ այդ լուրերը ապատեղեկատվություն են, սակայն CHP-ի ղեկավար Օզգյուր Օզելի և կուսակցության ղեկավար կազմից մի շարք գործիչներ այս քայլը որպես պետական հեղաշրջման փորձ որակեցին:
Հարկ է նշել, որ Թուրքիայում ըստ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի, կուսակցությունը կարող է լուծարվել միայն Վճռաբեկ դատարանի դատախազության կողմից ներկայացված հայցի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Այդ գործերով կիրառվում է «քրեական գործի» վարույթի ընթացակարգը։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը երբեմն կուսակցության գործունեության լիակատար դադարեցման փոխարեն կարող է կիրառել նաև պետական ֆինանսավորումից մասնակի կամ ամբողջությամբ զրկելու պատժամիջոց։ Որոշումը կայացվում է դատարանի 15 անդամներից առնվազն 10-ի աջակցությամբ՝ այսինքն՝ երկու երրորդի մեծամասնությամբ։ Իսկ դատական գործի նյութերը ուսումնասիրվում են քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, և կայացվում է վերջնական որոշում։
Թուրքիայի Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է կուսակցությունների համար պարտադիր հիմնական սկզբունքները․ «Քաղաքական կուսակցությունների կանոնադրությունը, ծրագրերը և գործողությունները չպետք է հակասեն պետության անկախությանը, երկրի անքակտելի ամբողջականությանը, մարդու իրավունքներին, իրավական պետության և դեմոկրատական հանրապետության սկզբունքներին։ Դրանք չեն կարող նաև հանցանքի կատարմանը դրդել»։ Բացի այդ, եթե որևէ կուսակցություն այս սկզբունքներին հակասող գործողությունները շարունակաբար և համակարգված կերպով իրականացնում է, և Սահմանադրական դատարանը հաստատում է, որ կուսակցությունը դարձել է այդ գործողությունների «կենտրոնը», ապա ընդունվում է լիակատար լուծարման որոշում։ Լուծարված կուսակցության կրկին նույն անվամբ ստեղծումը օրենքով արգելված է։ Լուծարման որոշման մեջ պատասխանատու ճանաչված կուսակցության ղեկավարները և անդամները 5 տարի ժամկետով չեն կարող որևէ կուսակցությունում պաշտոնավարել։ Օտար պետություններից կամ միջազգային կազմակերպություններից նյութական աջակցություն ստացող կուսակցությունները նույնպես ենթակա են անմիջական լուծարման։
Թուրքիայում նախկին փորձը ցույց է տալիս, որ կուսակցությունների լուծարումը խնդիրները լուծելու փոխարեն հաճախ նոր խնդիրներ է ստեղծում (Օրինակ՝ քրդամետ կուսակցությունների լուծարումից հետո այլ անվանումներով նոր կուսակցությունների բացումը)։
Արդյո՞ք հնարավոր է փակել Թուրքիայի հանրապետության հիմնադիր-առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնադրած կուսակցությունը։ Կարծում ենք, որ հավանականությունը քիչ է, սակայն որոշ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ ֆինանսական աջակցության մասնակի կամ լիարժեք դադարեցումը, կուսակցության որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկումը չեն բացառվում։
Հիշեցնենք, որ CHP-ն իր երկարամյա գործունեության ընթացքում մեկ անգամ փակվել է դեռևս 1980թ․ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման ժամանակ, իսկ կուսակցության ղեկավարները դատապարտվել էին ազատազրկման։
Թուրքական մամուլում կուսակցությունը փակելու վերաբերյալ Վճռաբեկ դատարան նամակ ուղարկելու մասին տարածվող լուրերը և հաջորդիվ հերքում պարունակող հայտարարություններն, իրականում Էրդողանի վարչակազմի կողմից գլխավոր ընդդիմադիր ուժին ահաբեկելու և լռեցնելու փորձեր են։ Այս իրարահաջորդ գործողությունները միտված են նաև հեղինակազրկել կուսակցությունը, թուլացնել վերջինիս հիմքերը, հաջորդ ընտրություններում բարոյալքել ընտրազանգվածին։
Ընդդիմախոսներին չեզոքացնելով նպատակ ունեն երկարացնել իշխանության գոյությունը․ Իշխանության համար լուրջ ցուցիչ են 2019թ․ ՏԻՄ ընտրություններում՝ Ստամբուլում և Անկարայում, ինչպես նաև 2023թ․ նախագահական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր ուժի գրանցած արդյունքները։ Բացի այդ, CHP-ն Թուրքիայում ամենաակտիվ ընդդիմությունն է, իսկ սոցհարցումների արդյունքում 1-ին տեղն է զբաղեցնում։ Հաջորդ ընտրություններում շանսերը մեծ են, որ հաղթանակ կտանի CHP-ն։
Պետք է նշել, որ այս լուրերի տարածումից հետո Թուրքիայի ֆինանսական շուկաները սկսեցին իրար խառնվել։ Այսինքն ստացվում է հետևյալը․ եթե իշխանությունները փորձեն ավելի կտրուկ գործողությունների և քայլերի գնալ, ապա ոչ միայն կբախվեն միջազգային լուրջ ճնշումների, այլև կարող են էլ ավելի վատթարացնել երկրի արդեն իսկ խոցելի տնտեսության վիճակը, ինչը ձեռնտու չէ իշխանություններին։
Թուրքիայի հասարակության շրջանում շարունակում է գոյություն ունենալ Աթաթուրքի անձի պաշտամունքը: Դրան զուգահեռ Էրդողանն իր քաղաքական գործունեության սկզբից ի վեր իր անձի պաշտամունքի ինստիտուտի ներդրման հարցում լուրջ քայլեր է իրականացրել և իրականացնում։ Նա այս հարցում, այսպես ասած, «հեռակա» մրցակցության մեջ է Աթաթուրքի հետ։ Ուստի քաղաքական գոյության պահպանման համար Էրդողանն ամեն հնարավոր քայլի պատրաստ է։ Դրա ցայտուն դրսևորումն է այս տարվա մարտի 19-ին իր գլխավոր հակառակորդի՝ Էքրեմ Իմամօղլուի քաղաքական դաշտից չեզոքացումը։
Աղբյուր՝ Ermeni Haber
Հեղինակ՝ էլեն Քոքչյան









