Թուրք քաղաքագետ, լրագրող և վերլուծաբան Յուքսել Էրջանը «Իրարից տարբեր երկու Թուրքիա» վերնագրով հոդված է հրապարակել։ Հեղինակն անդրադարձել է երկրի ներսում տիրող իրավիճակին, հանրային տրամադրություններին և մատնանշել Թուրքիայի քաղաքացիների առաջնային մտահոգությունները: Հոդվածը Թուրքիայի ներսում առկա խոր հասարակական-քաղաքական բևեռացման մասին է։
Էրջանը համեմատականներ է անցկացրել տասնյակ տարիներ առաջվա և այսօրվա Թուրքիայում ապրող քաղաքացիների միջև։ Նա պնդում է, որ Թուրքիայում կա երկու տարբեր «իրականություն» և դա դժվարացնում է երկրի ընդհանուր սոցիալական համակեցության ընկալումը։
Հեղինակի ամբողջական հոդվածը՝ ստորև.
«Մի քանի օր առաջ սոցիալական ցանցերում պտտվելիս մեր ուշադրությունը գրավեց մի բան։
մարդիկ ունեն տարբեր քաղաքական հայացքներ և արժեքներ,
ապրելակերպը և աշխարհընկալումը զգալիորեն տարբերվում են,
այս բաժանումը ստեղծում է «երկու Թուրքիա» պատկերացում,
Փողոցային հարցազրույցներ իրականացնող մի մեդիա ներկայացուցիչ 20-ն անց 3 երիտասարդի հարցնում է մի քաղաքական կուսակցության և այդ կուսակցության ղեկավարի ով լինելու մասին։
20-ն անց 3 երիտասարդն էլ, կարծես, նախապես պայմանավորված լինեին: Պատասխանեցին․
-«Դա ի՞նչ է եղբայր, մենք ոչ նման բան ենք լսել, ոչ էլ նման բան գիտենք: Մեր ամբողջ խնդիրը լավ աշխատանք գտնելն ու փող աշխատելն է»։
Ճիշտն ասած, այս երկխոսությունը մեզ բավականին զարմացրեց։
Ասում են, որ նորմալ պայմաններում թուրք մարդը սիրում է քաղաքականությունը և մեծամասամբ զբաղվում է քաղաքականությամբ։
Կամ էլ մենք այդպես գիտենք։
Սակայն եթե նայենք 1983-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո ժողովրդավարության անցման ընթացքում կայացած առաջին ընտրություններից մինչև 2023-ի մայիսի 14-ին և 28-ին անցկացված վերջին խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, շատ հստակ հասկացվում է, որ քաղաքացիների, հետևաբար, նաև ընտրողների հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ օրեցօր նվազում է։
Թուրքիայում կա որոշակի թվով մի խումբ, որի միակ զբաղմունքը քաղաքականությունն է։
-Ոմանց կարծիքով՝ հինգ միլիոն
-Ոմանց կարծիքով՝ տասը միլիոն։
Մի փոքր ավելի քիչ կամ մի փոքր ավելի շատ։
Քաղաքականությունը շատ երկար տարիներ ձևավորվում է հենց այս հինգ կամ տասը միլիոնանոց խմբի շրջանում։
1983 թվականին անցկացված ընտրություններում քաղաքականապես ինչ-որ կերպ իրենց որևէ կուսակցության մեջ տեղավորած մարդիկ տևական ժամանակ մնացին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։
Հետո՝ այդ քաղաքական գործիչների երեխաները։
Հիմա էլ՝ նրանց թոռները։
Հետևաբար քաղաքականության մասին խոսում են հենց այս ընտանիքները։
Այս ընտանիքների երեխաները միշտ պատգամավոր են։
Միշտ քաղաքապետ են։
Շարունակ բարձրաստիճան ղեկավարներ են։
Եթե իշխանություններն էլ փոխվում են, այս շրջապտույտը երբեք չի փոխվում։
Մյուս մեծ զանգվածը.
Այսինքն՝ այն միլիոնավոր մարդիկ, որոնց միակ գործը քվեարկելն ու իրենց ընտրած քաղաքական կուսակցությանը դատարկ ձևով պաշտպանելն է։
Այնտեղ, ուր ապրում ենք, զգալի թվով թոշակառու քաղաքացիներ կան։
Աշնան և ձմռան պատճառով այդ խումբը առանձնապես դուրս գալ չէր կարողանում։
Մի քանի օր է, ինչ եղանակը հանկարծ տաքացավ։
Մեկ էլ տեսանք՝ հարյուրավոր թոշակառուներ։
Իրենք իրենց նետեցին այգիներ ու պարտեզներ։
Նստարաններն ու աթոռները լիուլի են։
Առավոտից մինչև երեկոյան մութն ընկնելը տուն գնալ չկա։
Սակայն դրսում մեկ բաժակ թեյ խմելն անհնար է։
Քանի որ մեկ թեյը միջինում 25 լիրա է։
– «Աստված օգնական լինի ասելուց բացի, ուրիշ ոչինչ անել չենք կարող»։
Ահա հենց սա նկատի ունեինք, երբ ասում էինք՝ երկու տարբեր Թուրքիա։
Քաղաքականությունն արդեն բավական ժամանակ է, ինչ քաղաքացու առաջնային օրակարգը չէ։
Մեր շատ քաղաքացիներ նույնիսկ տեղյակ չեն, թե իշխանության մեջ ով է կամ որ կուսակցությունն է։
Միակ օրակարգը տնտեսությունն ու թանկությունն են։
Թուրքիայի մի հատվածը անդադար պայքարում է իշխանության մեջ մնալու համար։
Մյուս հատվածը գոյատևելու պայքարի մեջ է։
Տեսնենք՝ այս երկու կողմերը երբ են հանդիպելու իրար։
Ինչպե՞ս են առերեսվելու։
Համբերությամբ սպասում ենք»:
Աղբյուր՝ Muğla Yeni Gün
Հեղինակ՝ Յուքսել Էրջան










