• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
24 Ապրիլ 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • tr Türkçe
  • am Հայերեն
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
tr Türkçe am Հայերեն

Ինչպե՞ս ձևավորվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ավանդույթը

13:46, 24 Ապրիլ 2026
- Գլխավոր, Հարցազրույց, Ցեղասպանություն, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Հայոց ցեղապանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ermenihaber.am-ին բացառիկ հարցազրույց է տվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը։

– Պրն Մարության, Խորհրդային Հայաստանում ինչպե՞ս է ձևավորվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ավանդույթը։

– Խորհրդային իշխանությունը Հայաստանում հաստատվեց 1920 թ. դեկտեմբերին և տևեց 70 տարի։ Առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը տեղ ունեցավ 1919 թվականին Կոստանդնուպոլսում ու հետո Հայաստանի Հանրապետությունում՝ 1920 թվականին, որի նախաձեռնողը գրող, խմբագիր Վրթանես Փափազյանն էր։ Նրա ձեռնարկումների շնորհիվ 1920 թվականի ապրիլի 25-ը (նոր տոմարով) Էջմիածնում նշվեց, բայց Փափազյանն ինքը չկարողացավ ներկա լինել, քանի որ վատառողջ էր և մի քանի օր անց մահացավ։ Եղեռնի զոհերի հիշատակին Էջմիածնի զանգերը վերջին անգամ ղողանջեցին 1926 թ. ապրիլի 24-ին։ ՀԿ(բ)Կ ԿԿ-ի որոշմամբ եկեղեցու հետ հարաբերություններում իր ներկայացուցիչ Արամայիս Երզնկյանին հանձնարարվեց «բանակցություններ վարել կաթողիկոսության հետ համաշխարհային պատերազմի (24 ապրիլի) զոհերի հիշատակի օրը վերացնելու անհրաժեշտության մասին»։ Արդյունքում Էջմիածնի հրատարակած օրացույցներում ապրիլի 24-ի մասին հիշատակումը 1926 թ. հետո բացակայում է ընդհուպ մինչև 1964 թ.։

Սակայն ասել, թե ցեղասպանության հիշողությունը բացակայում էր ժողովրդի մեջ՝ ճիշտ չի լինի։ Ստալինյան բռնապետության տարիներին արգելվում էր խոսել ցեղասպանության մասին, հայ-թուրքական հարաբերությունների մասին, դա որակվում էր որպես նացիոնալիզմի դրսևորում և մարդիկ աքսորվում էին, բանտարկվում ու գնդակահարվում։ Ինչպես, որ ասում են՝ լույսը թունելի վերջում ուրվագծվեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որովհետև խորհրդային քարոզչությունը հասկացավ, որ կարող է օգտագործել Առաջին համաշխարհային պատերազմում գերմանացիների՝ Օսմանյան Թուրքիային օժանդակության հարցը Հայոց ցեղասպանության իրականացման մեջ։ Խորհրդային քարոզչությունը որոշեց օգտագործել այդ գործոնը և, մասնավորապես պատերազմի վերջին տարիներին, հրատարակվեցին մի քանի գրքեր, որոնց մեջ ուղղակիորեն նկարագրվում էր, թե ինչ է տեղի ունեցել ցեղասպանության տարիներին։

Հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ իշխանությունը թույլ է տվել նման գրքերի հրատարակումը։ Պարզվում է, որ դրանց մեջ կարմիր թելի նման անցնում էր գերմանական մեղսակցությունը հայերի ցեղասպանությանը։ Գոյութենական պատերազմ վարող Խորհրդային Միությանն անհրաժեշտ էր ոչ միայն ռազմական ուժի համախմբում, այլ նաև իր կազմում գտնվող ժողովուրդների գաղափարախոսական, իրական մոբիլիզացիա, որպիսին կարող էր տրամադրել ազգային-էթնիկ ինքնության կարևորագույն տարրերին անդրադարձը, դրանց այնպիսի ներկայացումն ու մեկնաբանումը, որը կօժանդակեր խորհրդային երկրի թշնամու կերպարի մեջ նաև ազգային (էթնիկ) թշնամի տեսնելը։ Եվ այս պարագայում խորհրդային գաղափարախոսներին «օգնության» է գալիս ազգային հիշողության այն գործոնը, որը պատերազմից ընդամենը մի քանի տարի առաջ որակվում էր որպես նացիոնալիզմի դրսևորում և պատժվում էր ամենադաժան ձևերով։

– Իսկ հետպատերազմյան շրջանում ի՞նչ ընթացք ստացավ Մեծ եղեռնի հիշատակումը լայն հասարակությունում։

– Հետո եկավ  ձնհալի ժամանակաշրջանը և  սկսեցին ավելի ազատ խոսել։ Մասնավորապես 1959-ին լույս տեսավ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին, ապա և Խորհրդային Հայաստանի ղեկավարության մեջ տեղի ունեցավ փոփոխություն՝ 1960 թվականի դեկտեմբերին Յակով Զարոբյանն ընտրվեց Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ Զարոբյանն ինքը իր ընտանիքի հետ գաղթել էր Արդվինից Բաթում, հետո Նոր Նախիջևան և, կարելի է ասել, իր մաշկի վրա էր զգացել բռնագաղթի դաժանությունները և շատ լավ հասկանում էր Մեծ եղեռնի ոգեկոչման կարևորությունը։ Մի քանի առիթներով նա դրա մասին խոսել էր, բայց հիմնականում բաց չէր արտահայտվել։ 1964-ին նա խնդրեց և երեք պատմաբան՝ Ջոն Կիրակոսյանը, Հովհաննես Ինճիկյանը և Ծատուր Աղայանը պատրաստեցին նամակ, որը պետք է գնար Մոսկվա։ Այդ ժամանակ հանրապետական մասշտաբի բոլոր ձեռնարկներին Մոսկվան պետք է հավանություն տար։ Նամակի առաջին տարբերակում կար 11 կետ, երկրորդում՝ 3 կետ և, եթե առաջին տարբերակում ասվում էր «բնակչության միջոցների հաշվին» կառուցել հուշարձան, ապա մյուս տարբերակում այդ ձևակերպումը դուրս եկավ և պետությունն ինքն էր պարտավորվում իր վրա վերցնել հուշարձանի կառուցումը՝ նվիրված «հայ ժողովրդի վերածննդին»։

Մոտավորապես այդպիսի ձևակերպում էր ու խոսք չկար եղեռնի մասին, այլ նշվում էր «առաջին համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի զոհերի» մասին։ Նամակը գնաց Մոսկվա ու ՍՄԿԿ կենտկոմի երեք պրոֆիլային հանձնաժողովներ դեմ արտահայտվեցին։ Դեմ արտահայտվեց նաև ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտը՝ ի դեմս փոխտնօրեն Լուկա Գապոնենկոյի տեղեկանքի, որտեղ որ ասվում էր, որ պետք չեն նման մեծ միջոցառումներ և պետք է բավարարվել «մեկ-երկու հոդվածներով մամուլում հայոց լեզվով և սգո հանդեսով Երևանում կամ Էջմիածնում» ու վերջ։ Գապոնենկոյի տեղեկանքում անգամ Հայաստան բառը չկար, նշվում էր, որ ջարդերը տեղի էին ունեցել «Արևելյան Անատոլիայի հայ բնակչության նկատմամբ»։ ԽՄԿԿ ԿԿ քարտուղարությունը որոշում է հանձնարարել պետության և կուսակցության մի քանի ղեկավար անձանց լրացուցիչ դիտարկել խնդիրը։ Եվ Յակոբ Զարուբյանին հաջողվում է նրանցից ստորագրություններ վերցնելով արձանագրության տակ, ոչ թե լրացուցիչ նիստ անելով, հասնել նրան, որ տրվեց համաձայնություն։  

Հավանությունը եղավ փետրվարի կեսերին, և անմիջապես ՀԿԿ Կենտկոմը հաստատում է Հայաստանի Մինիստրների խորհրդի որոշման նախագիծը։ Մարտի 15-ին որոշվում է հայտարարել 1915 թ. եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի նախագծի հանրապետական բաց մրցանակաբաշխություն։ Նշվում է նաև, որ կոթողը պետք է մարմնավորի հայ ժողովրդի վերածնունդը, նրա ներկան ու պայծառ ապագան։ Դա տպագրվեց թերթերում՝ հայերեն ու ռուսերեն, մարտի 25-ին։  Այսինքն, ապրիլի 24-ի ցույցերը որևէ ազդեցություն չունեցան հուշարձանի կառուցման որոշման վրա։ Մրցույթը կայացավ ու սեպտեմբերից սկսվեց շինարարությունը։

Սրանից զատ պետք  է հիշատակել 1965-ի ապրիլի 24-ի բազմահազարանոց ցույցը, որը տեղի ունեցավ սկզբից Լենինի հրապարակում, հետո՝ Օպերայի հրապարակում և այն ցույց տվեց, որ ցեղասպանության հիշողությունը արթուն է Խորհրդային Հայաստանի քաղաքացիների մեջ։ Բայց մի նրբություն կար. նախորդող 50 տարիների ընթացքում այդ հիշողությունը գերազանցապես, իմ խորին համոզմամբ, արթուն էր արևմտահայերի ու նրանց ժառանգների մեջ։ Ինչու՞։ Որովհետև խորհրդային, մասնավորապես արևելահայ մտավորականությունը շատ քիչ բան գիտեր ցեղասպանության մասին, մամուլում չէր գրվում դրա մասին, գիտելիքը պակաս էր և Հայոց ցեղասպանությունը 1965-ից հետո աստիճանաբար դարձավ համահայկական։

Հուշահամալիրի պաշտոնական բացումը եղավ 1967-ի նոյեմբերի 29-ին՝ խորհրդային կարգերի հաստատման օրը։ 1968-ից սկսվեցին զանգվածային երթերը դեպի հուշահամալիր, որոնք ունեին մի յուրահատկություն։ Բանն այն է, որ ԽՍՀՄ-ում տասնամյակներ շարունակ գործում էր «կամավոր-պարտադիր» սկզբունքը։ Դա շատ հետաքրքիր սկզբունք է։ Մասնավորապես, ասում էին, թե դու պետք է կամավոր մասնակցես ինչ-որ հանրային միջոցառման, բայց նաև պարտադրում էին այդ մասնակցությունը։ Այս պարագայում ապրիլի 24-ին ժողովուրդը ինքնակազմակերպվում էր և անհատներ, ընտանիքներ, կոլեկտիվներ իրենք իրենց որոշում էին և գալիս էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նկատենք, որ 1968-ից մինչև 1975-ը Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը չէր մասնակցում և միայն 1975 թ., երբ Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը նամակ գրեց Մոսկվա և այդտեղից թույլ տվեցին, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը նույնպես մասնակցի։ 1975-ին, այսինքն 1915 թ.-ից 60 տարի անց միայն Խորհրդային Հայաստանի առաջին դեմքերը մասնակցեցին սգո երթին և այդ ժամանակ էր նաև, որ առաջին անգամ եղավ Լռության րոպե։

1988-ի փետրվարի 20-ից սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Փետրվարի վերջերին եղավ Սումգայիթն, և սումգայիթյան ողբերգությունը միանգամից արթնացրեց ցեղասպանության հիշողությունը։ 1988-ի ապրիլի 24-ին հարյուրհազարավոր մարդկանց երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր որոշակիորեն ձեռք բերեց քաղաքական երանգ։ Անմիջապես այդ ժամանակ էլ բերվեց խաչքարը՝ նվիրված Սումգայիթի զոհերի հիշատակին և միանշանակ Սումգայիթը որակվեց որպես ցեղասպանության շարունակության դրսևորում ու այդ խաչքարը դրվեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, նրա սկզբնամասում։ Հետո այդտեղ ավելացավ Բաքվի զոհերի հիշատակին նվիրված խաչքարը և Կիրովաբադի զոհերին նվիրված խաչքարը: Բայց նաև 1988-90 թվականների Ղարաբաղյան շարժման ընթացքում անցում կատարվեց զոհի կարծրատիպից դեպի պայքարող մարդու կարծրատիպ, որովհետև մարդիկ հասկացան շարժման ընթացքում, որ իրենք իրենց ուժերով պետք է լուծեն իրենց հուզող հարցերը: Բնութագրական է, որ 1990 թվականի ապրիլի 24-ի երթի ժամանակ ես ֆիքսել եմ, եթե չեմ սխալվում, 60 ցուցապաստառ, և դրանց 95 տոկոսը հայերեն էին, այսինքն՝ ուղղված էին ինքներս մեզ, ոչ թե դրսի աշխարհին, ոչ թե խորհրդային ժողովրդին, այլ հենց ինքներս մեզ: Այդտեղ շատ էին պայքարի, մարտնչելու կոչով ցուցապաստառները: Դա ինքնության փոփոխության նշան էր: Դրա մասին մի առանձին գիրք ունեմ գրած («Հայ ինքնության պատկերագրությունը։ Հատոր 1. Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը») և այդտեղ այն եզրակացությանն եմ եկել, որ Արցախյան շարժման ընթացքում ինքնության վերափոխում ունեցած ժողովուրդն էր, նրա որդիներն էին, որ գնացին և Արցախում հաղթեցին: Այսինքն՝ ոչ թե Արցախյան պատերազմի հաղթանակը բերեց կարծրատիպերի փոփոխության Հայաստանում, այլ ընդհակառակը՝ Շարժման ընթացքում կարծրատիպերը փոխվեցին, և դա օգնեց նրան, որ հաղթեն Արցախյան առաջին պատերազմում: 

– Իսկ հուշագրություններում կա՞ն հիշատակումներ, թե հայ ընտանիքները նախքան 50-րդ տարելիցը ինչպես են ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

– Խորհրդային Հայաստանի մամուլում ցեղասպանության մասին (առնվազն մինչև 1960-ականների կեսերը) ոչինչ չէր գրվում: 1920-ականներից սկսվեց բռնագաղթված արևմտահայության առանձին հատվածների հայրենադարձությունը, այն շարունակվեց 1946-48 թվականին և արդյունքում մինչև 1960-ական թթ. շուրջ 150 հազար մարդ հայրենադարձ եղավ, և նրանց մեջ, ընտանեկան ավանդույթի ուժով, վստահաբար ինչ-որ ձևով ապրիլի 24-ը նշվում էր: Բայց որ մինչ 1965 թ. ինչ-որ հայտնի իրադարձություններ լինեին, ոչ, չկան նման հուշեր։ Այլախոհության դրսևորումներ այո, կային, սակայն դա այլ թեմա է։

– Ոգեկոչման արարողությունն ի՞նչ առանձնահատկություններ ուներ Սփյուռքում ու Հայաստանում:

– Եթե համեմատականներ տանենք Սփյուռքի հետ, ապա շատ տարբեր էր: Սփյուռքը ապրում էր ազատ աշխարհում և բնականաբար այնտեղ իրավիճակը տարբեր էր: Եվ իմ այս աշխատանքում («Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրություն) ես նկարագրում եմ սգահանդեսները: Այդպես էին կոչվում հիշատակի արարողությունները՝ սգահանդես, սգատոն: Սկսած Կոստանդնուպոլսից՝ 1919 թվականի ապրիլի 24-ից, բայց մինչև այդ սգահանդեսներ առաջին անգամ եղել են 1916 թվականի հունվարին Բոստոն քաղաքում։ Բանն այն է, որ ԱՄՆ-ն պատերազմի ռազմադաշտից հեռու էր, և Բոստոնում Խարբերդի Եփրատ քոլեջի դասախոսների սպանության մասին լուրը հասել էր 1915 թ. ամռանը, և տեղի հայության ներկայացուցիչները որոշեցին ու սգահանդեսով նշեցին այն։ Հետո 1916 թվականի ապրիլի 24-ին. բայց այդ ապրիլի 24-ը ոչ թե 1915-ի ապրիլի 24-ի ի հիշատակ, այլ որովհետև այդ օրը մեռելոցի օր էր: 1916 թվականին  համընկել էր: Հետո 1918 թվականի նոյեմբերին նշվեց Դամասկոսում, 1919 թվականի հունվարին՝ Հալեպում, 1919 թվականի մայիսին  Բաղդադում: Մինչև այդ Փարիզում եղավ հոգեհանգստյան արարողություն և սգահանդեսի նման մի բան: Սգահանդես-սգատոնը ինչո՞վ է յուրահատուկ, որ դա ավելի շատ ունի կրոնական ուղղվածություն, եկեղեցական արարողության պահն է այստեղ գլխավորը:  Ձեր հարցի պարզաբանման համար շատ կարևոր է նաև, թե ինչ էր գրում Սփյուռքի մամուլը, իսկ մամուլում ամենատարբեր մտքեր էին արտահայտվում: Բայց կրկին պետք է շեշտեմ, որ ոչ միայն սգի մասին էր խոսք գնում, այլ նաև սկսեցին աստիճանաբար վերլուծել, թե ինչո՞ւ այդպես եղավ, ի՞նչն էր պատճառը և այլն: 

1960 թվականի հոկտեմբերին Երուսաղեմում հանդիպում են (կոչվում է «եղբայրական ողջագորում») Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը և Մեծի Տան Կիլիկիո նորընտիր կաթողիկոս Խորեն Առաջինը։ 1964-ի օգոստոսի 16-ին Խորեն Առաջինի կոնդակն է հրապարակվում։ Հաջորդ օրը Վազգեն Առաջինի կոնդակը։

Կուզեմ երկու դրվագ կարդալ Խորեն Առաջինի կոնդակից. 

«… ի սէր մեր պանծալի Նահատակներուն, Յիսնամեակի այս առիթով, Ապրիլ 24-ը կը հռչակենք ՅԱՂԹԱՆԱԿԻ ՕՐ, իսպառ վանելով մեր ժողովուրդի միտքէն ու սիրտէն պարտութեան ու սուգի գաղափարն ու զգացումը, որոնք բնական բայց ժամանակաւոր ապրումներ էին Եղեռնի հետեւող սկզբնական տարիներուն, ահաւոր հարուածին ցնցումին ներքեւ»: Այսինքն, տեսեք, ինքը ասում է՝ Հաղթանակի օր է։ Եվ երկրորդ դրվագը. «… Ապրիլեան Եղեռնի Յիսնամեակին առթիւ, յարգանքի որպէս անդրանիկ եւ անմիջական արտայայտութիւն, 1965ի Ապրիլ ամիսը կը հռչակենք ՅԻՇԱՏԱԿԻ ԱՄԻՍ»։ Եվ շատ յուրահատուկ մի բան է ասում՝ «ԿԸ ՊԱՏՈՒԻՐԵՆՔ համայն հաւատացեալ Հայ Ժողովրդեան որ ի սփիւռս աշխարհի. նուիրական այդ ամսուան ընթացքին դադրեցնել բոլոր տեսակի խրախճանքները եւ կամաւորապէս իրենք զիրենք զրկելով հաճոյքներէ՝ իրենց զգացումներուն ու մտածումներուն սլաքը սեւեռած պահել ապրիլեան Նահատակներու յաւէտ օրհնեալ յիշատակին»։ Նա գրում է, որ զորությունը միության մեջ է, այսինքն՝ մի կողմ պետք է դնել անմիաբանության տարրերը, որոնք որ կային, և համատեղ պայքարել։ Այն գաղափարն էր մատուցում, որ այդ զոհերը որ եղան, ի վերջո, հանուն նրա էր, որ Հայաստանն ապրի, հայ ժողովուրդը ապրի:

Բնութագրական է, որ առաջին հուշարձաններից մեկը, այսինքն՝ մինչև Ծիծեռնակաբերդի հուշարձանը, 1965 թվականի հոկտեմբերի 31-ին Վազգեն Վեհափառը Էջմիածնում բացում է Մեծ եղեռնի նահատակների հուշարձանը՝ Ռաֆայել Իսրայելյանի նախագծի համաձայն, որը կոչվում է «Խաչքար Աղոթքի և Ուխտի, ի հիշատակ 1915 թվականի ապրիլյան եղեռնի հայ նահատակների»։ Այդ հուշարձանի երկրորդ երեսի վրա փորագրված են Վանի, Մուսալեռի, Շապին Կարահիսարի, Հաճնի, Մարաշի, Եդեսիայի, Զեյթունի, Սասունի և Սարդարապատի անունները, այսինքն այն վայրերի, որտեղ տեղ գտան ինքնապաշտպանական մարտերը։ Ու այդ ինքնապաշտպանական մարտերի մասին շատ է խոսվում նաև մամուլի հրապարակումներում, այսինքն՝ այն գիտակցումը կար, որ ոչ քիչ դեպքերում հենց այնպես չեն զոհվել մարդիկ այլ, որտեղ որ հնարավոր է եղել, ինքնապաշտպանվել են։

Բնութագրականն այն է, որ 1965-ի ապրիլից հետո էր, որ ոգեկոչումը դուրս եկավ սգահանդեսի սահմաններից և վերածվեց քաղաքական և քաղաքացիական ակցիայի։ «Քաղաքացիական» այն իմաստով, որ հազարավոր մարդիկ էին մասնակցում, և դրանք երթերի ձևեր ունեին շատ հաճախ և, որպես կանոն, Սփյուռքում երթերի վերջում գնում էին կամ դեպի թուրքական դեսպանատուն, կամ  հյուպատոսարան էին գնում և իրենց բողոքի ձայնը բարձրացնում։ Այսինքն՝ որակական անցում կատարվեց։ Մյուս որակական անցումն այն է, որ Խորհրդային Հայաստանում 1989 թվականի ապրիլի 24-ը հայտարարվեց հիշատակի օր, ոչ աշխատանքային օր և այդ որոշումն ընդունվել էր 1988-ի նոյեմբերին։

– Ըստ Ձեզ՝ այդ ավանդույթը դեռ փոփոխվո՞ւմ է, թե՞ արդեն լիովին ձևավորված է։

– Գիտեք ինչ, ամեն ինչ փոփոխական է, ամեն ինչ շարժական է, և եթե մենք առաջին 50 տարիների ժամանակ ունեինք սգահանդեսներ, սգատոներ, հետո դրանք վերածվեցին երթերի։ Օրինակ Covid-19-ի ժամանակ ոգեկոչումն այլ ձև ստացավ՝ մարդիկ հեռվից հեռու էին մասնակցում, այստեղ ներկա չէին, բայց հեռվից հեռու, աշխարհի տարբեր ծայրերից հաղորդագրություններ էին ուղարկում ու ադպիսով մասնակցում էին։ Ամեն ինչ փոփոխական է, և շատ հնարավոր է, որ լինեն նաև այլ ձևեր։ Այս հուշարձանի կառուցումից հետո հուշահամալիրը ձևափոխումներ ապրեց, որովհետև այն ստատիկ հուշարձան չէ, այլ ապրող հուշարձան է և դրանով իսկ  տարբերվում է շատ այլ հուշարձաններից։ Ճարտարապետները մի քիչ այլ ձևի են մտածում։ Օրինակ, Եղևնիների պուրակը հայտնվեց, խաչքարերը հայտնվեցին։ Հուշապատի վրա փորագրվեցին այն 52 վայրերի անունները, որտեղ տեղի են ունեցել  կոտորածները։ Հուշապատի հետևի կողմում, հատուկ խորշերում սափորներով սկսեցին դրվել մի  բուռ հող այն մարդկանց գերեզմաններից, այն հումանիստների, որոնք ցեղասպանությունից առաջ, ընթացքում և հետո օգնել են հայ ժողովրդին։ Առջևի պլանում հայտնվեցին  ազատամարտիկների գերեզմաններ։ 2005-ին՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակին, Գարեգին Վեհափառի կողմից տեղադրվեց մի փոքր հուշասյուն և նշվում էր, որ այդտեղ պետք է մատուռ կառուցվեր։ Երբ  ես տնօրեն էի (նաև նախորդ տնօրենի ժամանակ էլ, և հետո էլ), անընդհատ մարդկանց կողմից առաջարկներ էին հնչում, թե ինչ անել, ինչ ավելացնել համալիրի տարածքում։

Որպես ամփոփում՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ոչ թե բեռ է, որ կարելի է հարկ եղած դեպքում թոթափել, այլ հարստություն, որ պետք է կարողանալ հավուր պատշաճի օգտագործել։

Հեղինակ՝ Անի Գալստյան

Աղբյուր՝ Ermenihaber.am

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրք պատմաբան. «Հայոց ցեղասպանությունը ժխտելն ուղղակի անամոթություն է»

24.04.2026

Ըստ Չեթինօղլուի՝ Հայաստանին շնչել թույլ չտալը Թուրքիայի հիմնարար և անփոփոխ պետական քաղաքականությունն է։

Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան

24.04.2026

Կ. Պոսլի Հայոց պատրիարքն ուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

Հայ երեխաները Հայոց ցեղասպանության տարիներին․ տառապանք և հերոսություն

24.04.2026

Ցեղասպանության կրակի մեջ հայտնված երեխաները միաժամանակ դարձան դիմադրության և խիզախության խորհրդանիշ։

58

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Դուք արդեն քվեարկել եք։

Ոչ (45%)
45 %
Այո (36%)
36 %
Անկանխատեսելի է (19%)
19 %

Ֆոտո

Ֆոտո

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի հետ

18.04.2026

Ամենաշատ ընթերցվածները

Գլխավոր

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21.04.2026
Ռեգիոն

Financial Times․ «Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում»

20.04.2026
Հոդված

Հայ երեխաները Հայոց ցեղասպանության տարիներին․ տառապանք և հերոսություն

24.04.2026
Ցեղասպանություն

Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան

24.04.2026

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır